Սորոսի հիմնադրամը մի շարք նախագծեր կդադարեցնի, բայց կշարունակի աշխատանքը Ուկրաինայում

Ջորջ Սորոս. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ «Բաց հասարակությունը» ծրագրում է դադարեցնել իր նախագծերի մեծ մասը Եվրամիությունում և կենտրոնանալ այլ երկրներում աշխատանքի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,31 օգոստոսի — Sputnik. Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամի» նախագահ Ալեքս Սորոսը հայտարարել է, որ կազմակերպությունը կհրաժարվի գործունեության մի շարք ուղղություններից, սակայն հիմնադրամի աջակցությունը Ուկրաինայում կշարունակվի:
Ռուսաստանում Սորոսի «Բաց հասարակությունը» և «Բաց հասարակություն․ աջակցության հիմնադրամը» անցանկալի կազմակերպություններ են ճանաչվել 2015 թվականից: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Սորոսի կազմակերպությունները սպառնալիք են ներկայացնում ՌԴ սահմանադրական կարգի հիմքերի և պետության անվտանգության համար:
«Մենք կհրաժարվենք Եվրոպայում աշխատանքի որոշ ուղղություններից։ Մենք նաև զգալիորեն կկրճատենք աշխատակազմը։ Ոչ մի կասկած չպետք է լինի, որ մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայում մեր հիմնադրամին»,- ասվում է Ալեքս Սորոսի՝ Politico պարբերականում հրապարակված հոդվածում։ Նա նաև խոստացել է շարունակել աջակցությունը Մոլդովայի և Բալկանների հիմնադրամներին։
Միևնույն ժամանակ, Ալեքս Սորոսը կարծում է, որ ԱՄՆ-ում 2024 թվականի նախագահական ընտրություններում «MAGA-Հանրապետականի» (հանրապետականների ծայրահեղ խմբակցությունը, որը կոչվում է Դոնալդ Թրամփի նախընտրական կարգախոսի պատվին՝ «Make America Great Again») հաղթանակը կարող է խաթարել Ուկրաինայի նկատմամբ ԵՄ-ի «առաջընթացը»: Նա հավելել է, որ հիմնադրամը հարմարեցվում է, որպեսզի կարողանա արձագանքել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում իրադարձությունների ցանկացած զարգացմանը: