ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով, հայտնի է դրա կազմը։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ որոշման հավելվածի` հանձնաժողովի անդամների թվում են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, նախարարներ, ՀԿ անդամներ և այլք։
Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է առնվազն յոթ անդամի մասնակցության դեպքում: Եթե նիստ չի անցկացվում, ապա նոր նիստը հրավիրվում է եռօրյա ժամկետում:
Հանձնաժողովի առաջին նիստը վարում է հանձնաժողովի՝ նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը: Առաջին նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են Հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի նիստերը տեսաձայնագրվում և արձանագրվում են:
Նշենք, որ այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավորն է ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը։ Նա ընտրվել է 2015 թվականին 9 տարի ժամկետով։