ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ–ն Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի տարածքում նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր` կառուցելով «Գոլֆի ակումբ և ակադեմիա»։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։
Կապիտալ ներդրուﬓերի ընդհանուր գումարը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 172 մլն դոլար: Ծրագրի իրականացման շրջանակներում կստեղծվի մշտական 180-200 աշխատատեղ։
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Գոլֆի ակումբն ու ակադեմիան, ինչպես նաև կից հանգստի և բնակելի գոտիները կկառուցվեն Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի և Արտաշատի պատմական հուշարձան-համալիրի մոտակայքում:
«Ակնկալվում է, որ մարզում կլինի շինարարության ծավալների էական աճ, գյուղատնտեսական արտադրանքի համար կստեղծվի նոր իրացման շուկա, կխթանվի զբոսաշրջությունը (ակնկալվում է տարեկան միջինում 50-64 հազար զբոսաշրջիկ), կստեղծվեն նոր աշխատատեղեր»,– նշված է որոշման մեջ։
Նշված հողատարածքում կկառուցվի գոլֆի ակումբ` բազմաֆունկցիոնալ մասնաշենքով և խաղադաշտերով, գոլֆի դպրոց (ակադեմիա)՝ մարզադաշտերով և մարզահամալիրով, հյուրանոցային համալիր, մեծահասակների հանգստյան տուն, մանկապատանեկան ամառային ճամբար–հյուրանոց, մարզահամալիր՝ իր հյուրանոցով, ֆուտբոլի դաշտերով և թենիսի կորտերով, բարձր և միջին կարգի բնակելի շենքեր և առանձնատներ, ծառայողական բնակելի թաղամաս, ադմինիստրատիվ, համայնքային և կոմերցիոն նշանակության շենքեր, համալիրին ենթակա արտադրական, պահեստային կառույցներ, այգիներ:
Նշենք, որ «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի նախագահը Սարգիս Գևորգյանն է, որը նաև հայկական «Նոա» հոլդինգի հիմնադիր խորհրդի անդամ է։
Հավելենք, որ ընկերության անվանումը նման է օտարերկրյա մի քանի ներդրումային ընկերությունների անվանմանը (որոնց անվան մեջ նույնպես Berkeley է)։ Ի դեպ, ընկերության պաշտոնական կայքում չկան ֆինանսական հաշվետվություններ, ինչպես նաև նշված չէ բաժնետերերի կազմը:
Տարօրինակ է նաև կայքի «Մեր թիմը» բաժինը, որտեղ մի քանի տարբեր անուններ կան` միևնույն անձի լուսանկարներով՝ առանց որևէ կենսագրական տվյալերի ու հաստիքների նշման։