ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձակուրդում է։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերը տարածաշրջանում կայունության հաստատման տեսանկյունից վերահաստատել են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը և Լաչինի միջանցքի վերագործարկումը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Իգոր Խովաևին ընդունել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։