ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել օրհնության կարգ, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի Տեղեկատվական համակարգը։
Պատարագից հետո Գարեգին երկրորդը ընդունել է կրթական կառույցների ներկայացուցիչներին։
«Նկատելի է, որ մեր երկրի կրթական անդաստանում որոշապես տկարացել է ազգային արժեհամակարգով նոր սերունդներին կրթելու անհրաժեշտության գիտակցությունը։ Ներդրվող կրթական նոր չափորոշիչներով նվազեցվում է նոր սերնդի ազգային ինքնագիտակցության ու հոգեկերտվածքի կարևորությունը, ինչը խոցելի է դարձնում մեր զավակներին համաշխարհայնացման գործընթացներում»,– ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ մեր ազգի կյանքում արմատացած արժեքները մեր օրերում աղավաղվում են, և փոխարենը անցողիկ և վնասակար գաղափարախոսություններ, երևույթներ ու դրսևորումներ են ներմուծվում հասարակական կյանքից ներս՝ ստեղծելով նաև հոգեբարոյական ճգնաժամ։
Ամենայն հայոց կաթողիկոսն անընդունելի և դատապարտելի է համարել, որ կրթական նոր համակարգում կառավարության և կրթական ոլորտի պատասխանատուների որոշմամբ այլևս չի լինելու «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։