Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 10 բուժառու

Նախատեսվում է օրվա ընթացքում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից 10 բուժառու է ուղեկցողների հետ միասին տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բուժառուները տեղափոխվել են անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։
«Նախատեսվում է օրվա ընթացքում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հայտնում են նաև, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 94 հիվանդ, 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։