ՀՀ–ում 10–րդ դասարանի նոր դասագրքերի ներդրումը կհետաձգվի 2024 թ. ԿԳՄՍ նախարար

Ժաննա Անդրեասյան. Արխիվային լուսանկար
ԿԳՄՍ նախարարությունը բավարար քանակությամբ 10–րդ դասարանի համար դասագրքերի հայտեր չի ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում 10–րդ դասարանի նոր դասագրքերի ներդրումը կհետաձգվի 2024 թ.։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ ի սկզբանե նախատեսված էր, որ նաև 10–րդ դասարանում պետք է կրթական նոր չափորոշիչը ներդրվի, սակայն նախարարությունը բավարար քանակությամբ 10–րդ դասարանի համար դասագրքերի հայտեր չի ստացել։
«Մյուս դասարաններում, կարելի է ասել, ճնշող մեծամասնությամբ դասագրքերն ունենք։ Դրանք արդեն էլեկտրոնային տարբերակով հասանելի են։ Դրանց մի մասը այս սեպտեմբերի 1–ին արդեն կլինեն դպրոցներում, մյուս մասը` սեպտեմբերի ընթացքում։ Հիշեցնեմ, որ խոսքը` 2–րդ, 5–րդ, 7–րդ դասարանների դասագրքերի մասին է, մյուս դասարանների դասագքրերը դեռևս չեն փոխվում»,– ընդգծեց Անդրեասյանը։
Նախարարի խոսքով` արդյունքում ՀՀ դպրոցներում աշխատանքի կազմակերպման որոշակի խնդիր կլինի, սակայն նախորդ օրերին շատ ինտենսիվ աշխատել են դպրոցների հետ ու ընթացքում էլ ինտենսիվ կապի մեջ կլինեն ուսուցիչների հետ։
Ժաննա Անդրեասյանը նաև ավելացրեց, որ մեր երկրում ավելի, քան 10-12 տարի դասագրքերի մրցույթ չի անցկացվել ու նաև չկային այդ կարողությունները` գրելու ու փորձաքննության բոլոր փուլերն անցկացնելու։
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ նոր չափորոշիչը ներդրվել է 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանների առարկայական ծրագրերում, որոնք փորձարկվել են Տավուշի մարզում ու ստացված արդյունքներից նախարարությունը գոհ է, այդ պատճառով 2023. սեպտեմբերից դրանք ներդրվում են հանրապետության բոլոր դպրոցներում։