«ՀայաՔվեն» հանձեց բոլոր ստորագրությունները ԿԸՀ

Հայկ Մամիջանյան
Ավետիք Չալաբյանը նշեց, որ ստորագրությունները թվայնացվել են, և ամենաշատը 0.5 տոկոսով շեղում կարող է լինել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնությունը 58 հազար ստորագրությունները հանձնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
«Մեր այս օրենսդրական նախաձեռնությանը միացած բոլոր քաղաքացիների ստորագրությունները պաշտոնապես հանձեցինք ԿԸՀ-ին: Սա երկար գործընթաց է, բայց օրենքով է սահմանված: Մենք դեռ ժամկետներից էլ շուտ ենք հանձնում: Մենք այս ընթացքում ստորագրությունները թվայնացրել ենք, պարզել ենք, թե որքան սխալ է եղել, մեր հաշվարկներով դրանք անգամ կես տոկոսը չի գերազանցում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նա վստահություն հայտնեց, որ ԿԸՀ-ն որևէ առիթ չի ունենա մերժել քաղաքացիներին:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ նշեց, որ հենց Երևանում է որոշվելու Արցախի ու Հայաստանի ապագան ու ճակատագիրը, իսկ արցախցիները իրենցից կախված ամեն ինչ անում են Արցախի փրկության համար` ֆիզիկապես դիմանալով սովին, ճնշմանը, Ադրբեջանի առևանգումներին։

««ՀայաՔվեն» պարզապես ավելացնում է պատիժ նրա համար, ինչը գրված է ՀՀ սահմանադրությունում, որևէ նոր բան չի ավելանում։ Այստեղ քննարկելու որևէ բան չկա. ՀՀ օրենքով` այն պաշտոնյան, որը կհանդգնի հայտարարել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, պետք է պատիժ կրի թե՛ իրավական, թե՛ բարոյական»,–ասաց Մամիջանյանը։

Հիշեցնենք` հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Օգոստոսի 5–ին «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց. դրան մասնակցել է ավելի քան 58 հազար քաղաքացի։