Եթե պաշտպանության նախարարը մեզ չընդունի, շենքի ապակիները կոտրելու ենք. անհետ կորածի ծնող

ՀՀ ՊՆ. Արխիվային լուսանկար
Օգոստոսի 30-ին ծնողներին հրավիրել էին ՊՆ հանդիպման, սակայն նախարարը նրանց չէր ընդունել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Այսօր ժամը 17:00-ին ՊՆ-ում նախատեսվում է նախարար Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորածների ծնողների հանդիպումը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։ Նա նշեց, որ երեկ ուշ երեկոյան են հեռացել ՊՆ-ից, քանի որ իրենց մի գնդապետ փոխանցել է՝ վաղը իրենց կընդունի նախարարը:
«Մեծ հույսեր չունենք, որ հանդիպումը կկայանա, բայց հայտարարել ենք, որ եթե նախարարը չընդունի, շենքի ապակիները կոտրելու ենք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ծնողներին հրավիրել էին ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման համար, սակայն նախարարը նրանց չէր ընդունել։ Անհետ կորածների հարազատների հետ հանդիպել էր փոխնախարար Արման Սարգսյանը։ Նրանք մոտ 2 ժամ խոսել են, սակայն պաշտոնյայի պատասխանները չի գոհացրել հանդիպման մասնակիցներին։
Անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում և պահանջում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում։ Վերջին անգամ նրանք ի նշան բողոքի փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում։
Կարոտել եմ քո «մամա» բառին. անհետ կորածների ընտանիքների կարոտի ու սպասման պատմությունները
Զինծառայողների անհետ կորելու առնչությամբ հարուցված դատական գործն ընթացքի մեջ է։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է: