Երվանդ Զախարյանը Երիտասարդական պալատն օտարել է կադաստրային արժեքից 12 անգամ պակաս գնով

Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Երիտասարդական պալատն անօրինական եղանակով օտարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Նշվում է, որ նա անձնական շահագրգռվածությունից ելնելով ու խախտելով օրենսդրական մի շարք պահանջներ` Սարալանջի 1 հասցեում գտնվող շուրջ 24 հազար քմ մակերեսով Երիտասարդական պալատն օտարել է կադաստրային արժեքից ավելի քան 12 անգամ պակաս գնով։
Մասնավորապես, պետական սեփականություն հանդիսացող Երիտասարդական պալատը, որի կադասրային արժեքն ավելի քան 805 մլն դրամ է գնահատվել, Զախարյանն «Ավանգարդ Մոթորս» ընկերությանն է օտարել շուրջ 63 մլն դրամով։
Դատախազությունից հայտնում են, որ այդպիսով Երևանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Ի դեպ, գնային այս տարբերությունն առաջացել է այն բանից հետո, երբ Երվանդ Զախարյանը շտապել և Երիտասարդական պալատի վաճառքն իրականացրել է ՀՀ կառավարության` 2004 թ. հունվարի 19–ի որոշումն ուժի մեջ մտնելուց 3 օր շուտ։ Ըստ 2004 թ. հունվարի 19–ի որոշման` Երիտասարդական պալատի արժեքը պետք է դառնար շուրջ 806 մլն դրամ։ Արդյունքում, Զախարյանն առանց համապատասխան իրավական հիմքերի պետության սեփականություն հանդիսացող գույքն օտարել է «Ավանգարդ Մոթորսին»:
Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի (նախկին) 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Երիտասարդական պալատ, «Զվարթնոց», «Ռոսիա» կինոթատրոն. է՛լ ի՞նչ չեն տեսնի մեր ժառանգները