ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 25-30-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
Փոշու պարունակությունը նորմայից բարձր է եղել Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 25-ին, 26-ին, 28-ին և 29-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 25-29-ը, Շենգավիթում՝ օգոստոսի 26-ին, 28-ին և 29-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-ին, 28-ին և 29-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-27-ը և 30-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 28-ին և 30-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Բացի այդ, նշված ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև Հրազդանում, Վանաձորում և Ալավերդիում։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել էր սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում։