ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Քաղաքական իշխանությունները շտապում են ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի նշանակման հարցում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Բանն այն է, որ մարդ չեն կարողանում այդ պաշտոնում նշանակել, բայց, մյուս կողմից էլ, զորակոչի փուլ է, և պաշտոնը թափուր թողնելը անթույլատրելի է»,-նշված է հրապարակման մեջ։
Ըստ պարբերականի՝ օգոստոսի 30-ին ներքին քննարկումների արդյունքում քաղաքական իշխանություններին առաջարկել են, որ լավ թեկնածու է Հանրապետական զինկոմիսարիատի զինակոչի բաժնի պետ, փոխգնդապետ Արեն Սարգսյանը: Ու արդեն քննարկվել է նրան այդ պաշտոնում նշանակելու հարցը: Թե ինչ կորոշի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզ կլինի առաջիկայում։
Հիշեցնենք՝ Արմեն Ավթանդիլյանը ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից ազատվել է օգոստոսի 25-ին. նա ծառայությունը ղեկավարում էր 2019-ի դեկտեմբերից: