ԱՄՆ-ն և ՀՀ–ն ամրապնդել են հանձնառությունը ԼՂ–ում հումանիտար իրավիճակի կարգավորման հարցում

Յուրի Քիմն ու Լիլիթ Մակունցը ընդգծել են երկրների հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն և Հայաստանը ամրապնդել են ընդհանուր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կարգավորման հարցում։ Այս հարցն են այսօր քննարկել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն ու ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։ Տեղեկությունը X-ի (նախկին Twitter) էջում հայտնում է Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի պաշտոնական էջը։
Նշվում է, որ կողմերը նաև ընդգծել են երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։