Ադրբեջանը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել Արցախին օգնություն ուղարկելու պատճառով

Ադրբեջանական կողմը նշել է, որ բողոքի նոտան հանձնվել է Ադրբեջանի դեմ հնչեցրած «սադրիչ» հայտարարությունների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի Հայաստան այցից հետո Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են ԱԳՆ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Դեսպանին հանձնվել է բողոքի նոտա՝ ֆրանսիական մի քանի քաղաքների ներկայացուցիչների, այդ թվում ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ Լաչինի միջանցք ուղարկված բեռի կապակցությամբ»,– գրում են լրատվամիջոցները։
Նշվում է նաև, որ բողոքի նոտան կապված է նաև այդ անձանց կողմից Ադրբեջանի դեմ հնչեցրած «սադրիչ» հայտարարությունների հետ:
Հիշեցնենք, որ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել օգոստոսի 30-ին` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու և շտապ օգնություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։