Աբխազիայում վերաբացվել է հրդեհից հետո նորոգված հայկական դպրոցը

Աբխազիայում վերաբացվել է հրդեհից հետո նորոգված հայկական դպրոցը
Դպրոցի վերաբացմանը մասնակցել է հանրապետության նախագահ Ասլան Բժանիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. Աբխազիայի Օչամչիրայի շրջանի Արագիչ գյուղի հայկական միջնակարգ դպրոցը, Գիտելիքի օրվան ընդառաջ, բռնկված հրդեհից հետո նորոգվել և վերաբացվել է։ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան մասնակցել է բացման արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Աբխազիան` վկայակոչելով Բժանիայի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Արագիչ գյուղում գտնվող հայկական միջնակարգ դպրոցում հրդեհը բռնկվել էր մարտի 24-ին, այն գրեթե ամբողջությամբ այրվել էր։ Միայն հնարավոր էր եղել մասնակի փրկել առաջին հարկում որոշ սենյակներ։
Գյուղում բնակվում է հազար մարդ, հիմնականում հայեր։
«Սեպտեմբերի 1-ի նախօրեին բացվել է Արագիչ գյուղի հրդեհից հետո վերականգնված դպրոցը։ Երկրի ղեկավարը շնորհավորել է սովորողներին ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել բարերարներին, որոնք մասնակցել են դպրոցի շենքի վերականգնման աշխատանքներին»,– ասված է հաղորդագրությունում։
Հրդեհից հետո այրված շենքի վերականգնման պարտավորությունը ստանձնել է Աբխազիայի հայ համայնքը: Օգնություն են ցուցաբերել շրջանի վարչակազմն ու խորհրդարանի պատգամավոր Ռեզո Զանտարիան, ովքեր ֆինանսավորել են նաև Աթարա գյուղի դպրոցի վերանորոգումը: Հենց այնտեղ են սովորել Արագիչ գյուղի 76 երեխաները։
Աթարա գյուղի դպրոցում փոխարինվել են տանիքն ու պատուհանները, կատարվել են ներքին աշխատանքներ։ Երկրի ղեկավարը շրջայց է կատարել վերանորոգված տարածքներում և տնօրեն Սվետլանա Բուտբային հանձնել ուսումնական հաստատության համար համակարգչային տեխնիկա գնելու հավաստագիր: