ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. 54 անհետ կորած զինծառայողի ընտանիք 32.400.000 դրամ ֆինանսական աջակցության տրամադրումը երկարաձգվեց մինչև 2023 թ. հոկտեմբեր։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Ըստ ՀՀ կառավարության հիմնավորման` որոշման ընդունումը պայմանավորված է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
«ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսված է մինչև 2023 թ. օգոստոսը ներառյալ ամենամսյա սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը»,– նշված է գործող որոշման մեջ:
Այդ պատճառով առաջարկվել է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. հոկտեմբերը ներառյալ: