ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. 40 հազար մարդ աշխատունակ է ու դուրս է գալու նպաստառուների համակարգից, այդ նպատակով կիրառվելու է արհեստական բանականությունը։ Այսօրվա կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա նաև նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում միասնական սոցիալական ծառայության ներդրումից և նպաստառուների խորացված ստուգումից հետո համակարգից դուրս է բերվել շուրջ 15 հազար ընտանիք, որոնք իրականում սոցիալապես անապահով չեն: Այժմ նրանց թիվը մոտ 70 հազար է։ Բոլոր այս մարդկանց, ըստ նախարարի, կառաջարկվեն աշխատանքի և մասնագիտական ուսուցման հնարավորություններ։
ՀՀ–ն աշխարհում առաջիններից մեկն է, որ արհեստական ինտելեկտը կիրառում է սոցիալական ապահովության համակարգում։ Այս նախագիծը նախարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ կառավարության խնդիրը քաղաքացուն հաց տալը չէ, այլ ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի քաղաքացին իր արժանապատիվ աշխատանքով իր արժանապատիվ հացը վաստակի։
«Այսօր այլևս ակտուալ չէ այն հարցը, թե ՀՀ–ում աշխատատեղ չկա, քանի որ արդեն բազմաթիվ ընկերություններ դիմում են մեզ, որ դրսից պետք է աշխատուժ բերեն, քանի որ տեղում չեն կարողանում գտնել։ Այն օրը, օրինակ` Վանաձորի տեքստիլ երկու ձեռնարկությունների ղեկավարներ ինձ ասացին, որ յուրաքանչյուրն այս պահին ունի 400 աշխատողի կարիք»,– նկատեց նա։
Վարչապետը ՀՀ էկոնոմիկայի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարություններին հանձնարարեց ուժեղացնել կապը մասնավոր հատվածի հետ՝ նրանից տեղեկություններ հավաքելով կոնկրետ մասնագետների կարիքների մասին։