ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստանում է` Արցախին շտապ օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին նա գրառում է արել X–ի իր միկրոբլոգում։
Հայտնել ենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան կժամանի Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։
«Ես Հայաստանում եմ Փարիզի և այլ համայնքների ներկայացուցիչների հետ։ Ինը ամիս շարունակ Արցախի 120.000 հայ, այդ թվում՝ 30.000 երեխա, մեկուսացված են, քաղցած, զրկված ամեն ինչից»,– գրել է Իդալգոն:
Նա նաև նշել է, որ այս հումանիտար աղետին բախվելով՝ իրենք ԼՂ–ին շտապ օգնություն են ցուցաբերում։
«Ժամանակը սպառվում է»,– հավելել է նա։
Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռներով մեքենաներն այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար։ Ըստ հաշվարկների` ավտոշարասյունը Լաչինի միջանցք կհասնի ժամը 12-ին:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։