ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Կողմերը պետք է կատարեն իրենց պայմանավորվածությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության առաջարկը՝ ադրբեջանական տարածքում Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու և ղարաբաղյան կողմի անվտանգության երաշխիքների մասին` հատկապեսԼաչինի միջանցքումվերջին օրերին գրանցված միջադեպերի ֆոնին։
Օգոստոսի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց Լաչինի անցակետում երեք հայ ֆուտբոլիստների ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը պղծելու» մեջ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք ձերբակալվել են 10 օրով։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ ձերբակալության ժամկետը լրանալուց հետո նրանց կարտաքսեն Հայաստան։
«Պետք է զբաղվենք պայմանավորվածությունների կատարմամբ, սա է երաշխիքը։ Եթե ինչ-որ բան համաձայնեցված է, ավելին` ամենաբարձր մակարդակով ստորագրություններով կնքված, պետք է իրականացվի, այլ ոչ թե նոր բաներ հորինվեն` երրորդ, հինգերորդ, տասներորդ կողմ ներգրավելով»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ հենց սկսվում է պայմանավորվածությունների կատարման խաթարումը, երաշխիքները կորչում են։
Այս համատեքստում ռուս դիվանագետը նշել է Երևանի դիրքորոշման փոփոխությունը` Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս մատնանշել են Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն սկսելու կարևորությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման օրակարգով։