Վրաստանում ԵԱՏՄ ներդրումները հնարավոր են, եթե միությունում դիտորդի կարգավիճակ ստանան

Ռուսաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Լեոնիդ Խոլոդը
ԵԱՏՄ երկրների ներդրողները պետք է երաշխիքներ ունենան, որ Վրաստանը հետաքրքրված է միասնական տնտեսական տարածության հարցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ-ն կարող էր լոգիստիկ նախագծեր իրականացնել Վրաստանում՝ Ռուսաստանի և միության մյուս երկրների հետ Հայաստանի ցամաքային կապի բարելավման, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների զարգացման նպատակով։ Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Վրաստանը մասնակցի ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին, թեկուզ դիտորդի կարգավիճակով։ Այսպիսի կարծիք է հայտնել տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Լեոնիդ Խոլոդը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ՝ Sputnik Գրուզիայի մամուլի կենտրոնում հարթակի միացմամբ։
«Եթե վրացական ինտեգրացիան առաջ շարժվի, ցանկություն հայտնեն, Վրաստանը, օրինակ, դիտորդի կարգավիճակ ստանա, ապա ես կարծում եմ, որ նպատակահարմար կլինի ներդրումներ կատարել լոգիստիկ նախագծերում։ Իհարկե, դա իմաստ կունենա, եթե Վրաստանի ինտեգրումն ընթանա նորմալ տեմպերով։ Ինչո՞ւ։ Քանի որ ներդրողները պետք է երաշխիքներ ունենան, որ երկիրը բարեկամական կլինի, որ երկիրը փոխկապակցված կլինի միասնական տնտեսական տարածքին և կհետաքրքրվի դրանով»,- նշել է փորձագետը։
Նա կարծում է, որ այդպիսի ինտեգրումը հնարավոր է, և որ Վրաստանը կարող է ԵԱՏՄ անդամ դառնալ։ Ավելին, ինտեգրումը, նրա կարծիքով, կանխորոշված է Վրաստանի և Ռուսաստանի բազմադարյա համակեցության պատմությամբ և բազմաթիվ առևտրային, արտադրական, լոգիստիկ և այլ կապերով, որոնք ինքնուրույն «նավարկության» 30 տարվա ընթացքում դեռևս չեն ոչնչացվել։ Այսինքն, նրա խոսքով, սկզբունքորեն դա հնարավոր է լոգիստիկայի, արտադրության և պարզապես տրամաբանության տեսանկյունից։
Նախկին նախարարը նկատում է, որ այս տեսակի ինտեգրումը ձեռնտու է Վրաստանի տնտեսության զարգացման համար, քանի որ ԵԱՏՄ-ն մեծ, ոչ մի բանով չծանրաբեռնված շուկա է։ Ընդ որում, տվյալ դեպքում Վրաստանի կոնսոլիդացված գործընկերներ են լինելու ոչ միայն հարևան պետությունները՝ ՌԴ-ն և Հայաստանը, այլև ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները, որոնք ոչ մաքսային կարգավիճակ ունեն, որը երաշխավորում է բեռների, ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժը և տնտեսական ինտեգրման «մյուս ուրախությունները»։
«Վրաստանը հոյակապ բնակլիմայական պայմաններ ունի, ամբողջ երկրագնդում այդպիսի պայմանները եզակի են, դրանք թույլ են տալիս հսկայական քանակությամբ բարձրորակ գյուղատնտեսական մթերքներ աճեցնել, որոնք պահանջված են ԵԱՏՄ բոլոր երկրներում, բացի Հայաստանից, որ բնակլիմայական պայմաններով քիչ թե շատ նմանատիպ է»,-ընդգծել է Խոլոդը։
Նա նշել է, որ Վրաստանի գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը, գինեգործությունը, մետալուրգիան, հանքահումքային ձեռնարկությունները կկարողանան աշխատել մեծ, երաշխավորված շուկայի համար, որը ծանրացած չէ ոչ մի լոգիստիկ խնդրով կամ մաքսատուրքերով, և որը սահմանափակված չէ ոչ ժամանակի, ոչ տարածության մեջ։
Նախկին նախարարը ԵԱՏՄ տնտեսական տարածքում ինտեգրվելու առավելություններից մեկն է համարում նաև Վրաստանի տարանցիկ ներուժի շահագործումը։ Նա բերում է Հայաստանի օրինակը, որը ռուսական շուկայում լայնորեն ներկայացված է միությանը ինտեգրվելու շնորհիվ։
Նա նաև կանխատեսում է, որ մատակարարների դիվերսիֆիկացումը կհանգեցնի Վրաստանում գների ընդհանուր նվազման։