ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր հողատարածքները Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու վերաբերյալ դիմում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել է Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրություն։ Կատարված ուսումնասիրության արդյունքում դատախազությունը 2022 թվականի մայիսի 31–ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում՝ նշված անփանցից պահանջելով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 1 մլրդ 647 մլն դրամ և 7 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք։
«Դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության և դիմում ներկայացրած անձանց միջև 2023 թվականի օգոստոսի 22–ին կնքվել է հաշտության համաձայնություն, որը նույն օրը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ օրենքով սահմանված կարգով հաստատելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։
2023 թվականի օգոստոսի 30-ին Հակակոռուպցիոն դատարանում կայացված նիստում որոշվել է, որ դատական ակտը կհրապարակվի վաղը՝ օգոստոսի 31-ին։
Հիշեցնենք, որ նշված 4 գույքը ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում գնահատվել են որպես առերևույթ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք: