ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ այցելած Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան այցելության նախաձեռնությունը` հաշվի առնելով պաշտպանական բնագավառում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքը:
«Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է բանակում մեկնարկած բարեփոխումները և պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև պատասխանել է պաշտպանական քոլեջի պատվիրակության՝ վերոնշյալ ոլորտներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին»,–ասվում է հաղորդագրությունում։
Նշվումէ, որ հանդիպմանը ներկա են եղել Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային և Հնդկաստանն ու այլ գործընկեր երկրները ներկայացնող ունկնդիրներ։ Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը հանդիպել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։