ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու նախաձեռնության համար։ Նա ընդգծել է, որ բեռների տեղափոխումն արգելափակելու քայլը ևս մեկ անգամ վկայում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խորացմանը միտված Ադրբեջանի քաղաքականության մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները շեշտել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական հարաբերություններին և առկա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել օգոստոսի 30-ին` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու և պետությանը շտապ օգնություն ցուցաբերելու համար։ Նա այսօր այդ նպատակով մեկնել է Սյունիքի մարզ` Կոռնիձոր, ապա եղել Գորիսում, այնտեղ ֆրանսիական պատվիրակության հետ մամուլի ասուլիսով հանդես եկել։ Դրան տեսակապով մասնակցել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։