ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Երևանի ավագանու առաջտիկա ընտրությունները քաղաքային են, բայց շատ լուրջ քաղաքական բովանդակությամբ, որով հասարակության զգալի հատվածը հետաքրքրված չէ։ Այս կարծիքին է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանը։
Նշենք, որ Երևանում արդեն մի քանի օր է` մեկնարկել է ավագանու նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15–ը։ Ընտրությունների մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն ու մեկ դաշինք։
Չնայած գլոբալ ճգնաժամին ուտարածաշրջանային լուրջ խնդիրներին, Ղուկասյանի գլխավորած կուսակցությունը մոտիվացիա ունի մասնակցելու երևանյան ընտրություններին` ճշմարտությունը բարձրաձայնելու նպատակով։
«Հենց այս մակարդակից են սկսվում բոլոր խնդիրները։ Սա և՛ քաղաքային, և՛ քաղաքական ընտրություն է։ Մեր քաղաքական ուժի դերը այս ընտրություններում մենք համարում ենք բացառապես ճշմարտությունը բարձրաձայնելը, և ճշմարտությունն այն է, որ երևանցիների զգալի հատվածն ընդհանրապես չունեն վստահություն թե՛ դեպի քաղաքականություն, թե՛ դեպի քաղաքական գործիչներ և քաղաքական պրոցես»,–ասաց Ղուկասյանը։
Ըստ նրա` այս ընտրությունները յուրահատուկ կարևորություն ունեն գործող իշխանությունների համար, որոնք փորձում են ցանկացած գնով ցույց տալ, թե Երևանում ունեն մանդատ։ Եվ այդ ճանապարհին բազմաթիվ օրենքների խախտումներ են թույլ տալիս. Իշխանության թեկնածուի պաստառները տեղադրվում են չթույլատրված վայրերում, իսկ քարոզարշավի ընթացքում քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նիստ է վարում` հավելյալ PR ապահովելով։
«Իրենք ամեն ձևով փորձում են ներկայացնել, որ մյուս քաղաքական ուժերը չունեն ծրագիր։Իրենք բոլոր լծակները փորձելու են օգտագործել։ Սա ՔՊ–ի համար կյանքի ու մահվան ընտրություններ են, որպեսզի հետագայում կարողանան շարունակել իրենց արտաքին ու ներքին քաղաքականությունը»,–ասաց նա։
Ղուկասյանը, սակայն, քարոզարշավի ընթացքում համոզվել է, որ որքան իշխանությունները հետաքրքրված են այս ընտրություններով, նույնքան էլ երևանցիների զգալի հատվածն անտարբեր է, իսկ այն ուժերը, որոնք փորձում են ներկայացնել, թե երևանցիները լրջորեն հետաքրքրված են այս ընտրություններով, ըստ Ղուկասյանի` ստում են։
Քաղաքապետի թեկնածուն վերոնշյալից ենթադրելով կարծում է, որ ընտրություններին լինելու է երևանցիների նվազագույն մասնակցություն։
Ինչ վերաբերում է «Հանուն սոցիալական արդարության» ծրագրերին, թեկնածուն նշում է, որ իրենք բալանսավորված մոտեցում ունեն և ներկայացնում են և՛ քաղաքական, և՛ քաղաքային խնդիրներ
«Մենք ասում ենք, որ կան պարզունակ խնդիրներ Երևանում, որ տարիներով լուծումներ չեն ստացել, և ամեն ընտրությունից ընտրություն իշխանությունները խոստացել են այդ լուծումները տալ` սկսած տրանսպորտից, աղբահանությունից, ջրամատակարարումից մինչև սոցիալական տարբեր ծրագրեր։ Մենք երևանցիներին չենք կարող առաջարկել կյանքի որակի ինչ–որ ֆանտաստիկ փոփոխություն մոտակա 5 տարիների ընթացքում, մոտակա հինգ տարիների համար մեր քաղաքական ուժը տեսնում է այն խնդիրների լուծումը, որոնց հետ ամեն օր բախվում է երևանցին»,–նշեց Ղուկասյանը։
Նա համոզված է` Երևանում մի շարք խնդիրներ կարող են լուծվել պետություն–մասնավոր համագործակցություն հիմքի վրա` առաջնային տեղ հատկացնելով սոցիալական բաղադրիչին։
Ղուկասյանն ընդգծեց, որ ինքն ու իր թիմն այս ընտրություններին մասնակցում են հաղթելու սկզբունքով, և որևէ պարագայում բացառում է իշխանության հետ համագործակցությունը։
«Հանուն սոցիալական արդարության» թեկնածուն ընդգծում է` իրենք լավ առումով լինելու են անակնկալը այս ընտրությունների, և վստահ են, որ երևանցին կգնահատի իրենց անկեղծությունն ու իրատեսական ծրագիրը։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ ուժերը.
1.
«Հանրային ձայն» կուսակցություն2.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն3.
«Արդար Հայաստան» կուսակցություն4.
«Հաղթանակ» կուսակցություն5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն6.
Հայաստանի եվրոպական կուսակցություն7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն8.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն9.
«Հանրապետություն» կուսակցություն10.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն11.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն12.
«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն13.
«Ապրելու երկիր» կուսակցություն14.
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք։Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17–ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23–ին, կավարտվի սեպտեմբերի 15–ին։