Ինչ նպատակով է Կոռնիձորում բացվել հումանիտար օգնության կայանը. մանրամասնում է Սարգսյանը

Արխիվային լուսանկար
Վրանային ճամբարը ծառայելու է որպես կայանատեղի սահմանային այդ հատված այցելող միջազգային գործընկերների և լրատվամիջոցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Կոռնիձորում բացված հումանիտար օգնության կայանը ծառայելու է որպես կանգառ միջազգային գործընկերների համար։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Նշենք, որ Կոռնիձորում այսօրվանից գործում է Հումանիտար օգնության կայան:
«Այսօր փաստացի կայանի բացումն է։ Այն ԼՂ–ի համար նախատեսվող բոլոր նախաձեռնությունների և միջազգային գործընկերների կողմից օգնությանը միանալու ակցիաների շրջանակներում է բացվել։ Եվ ծառայելու է որպես օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների, նաև հյուրերի կայանման և ժամանման վայր»,–ասաց նա։
Սարգսյանն ընդգծեց, որ վրանային ճամբարի վայրը ընտրվել է Կոռնիձորը, քանի որ սահմանային այդ հատվածը արդեն խորհրդանշական է դարձել. այնտեղ են գտնվում նաև Արցախ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարերը, այստեղ պարբերաբար այցելում են միջազգային գործընկերներ ու միջազգային լրատվամիջոցների, ինչպես նաև հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ։
«Այս կայանման վայրում մեր գործընկերների համար ցուցապաստառների վրա պատկերավոր կերպով ներկայացված է ԼՂ–ում հումանիտար աղետի հետևանքով ստեղծված վիճակը, խոցելի խմբերի վիճակը»,–հավելեց կառավարության ներկայացուցիչը։
Փարիզի քաղաքապետը Հայաստան է գալիս` Արցախի համար հումանիտար բեռներն ուղեկցելու
Ինչ վերաբերում է հումանիտար բեռներին, Սարգսյանը նշեց, որ ըստ սահմանված կարգի Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։ Սակայն ադրբեջանական կողմից մինչ այս պահը ոչ մի դրական քայլ չեն տեսնում դրանք Լեռնային Ղարաբաղին հասցնելու համար։
«Մենք, ցավոք, պետք է արձանագրենք, որ հումանիտար ավտոշարասյան տեղափոխումը դեպի ԼՂ անհնար է։ Այս պահին չենք տեսնում կառուցողական դիրքորոշում, որը թույլ կտար, որպեսզի հումանիտար բեռները հասնեին դրա կարիքն ունեցող ԼՂ ժողովրդին»,–հավելեց նա։
Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյանը, որն այսօր Երևանից մեկնել է Կոռնիձոր այնտեղից Արցախ ուղևորվելու համար։