ՀՀ–ն ՄԻԵԴ է դիմել Լաչինի միջանցքից առևանգված քաղաքացիների հարցով

Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ն ՄԻԵԴ–ին նոր հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ս. թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով»,–տեղեկացնում է Կիրակոսյանը:
Նա նշել է, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ:
Հիշեցնենք` օգոստոսի 28–ին Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։
Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով։
Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտնեց, որ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Երիտասարդներից, սակայն, որևէ լուր չկա։