Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի. փոխնախարար

Արաքսիա Սվաջյան
Հանրակրթության պետական նոր չափորոշիչը այս տարի կկիրառվի բոլոր դպրոցների 2–րդ, 5–րդ և 7–րդ դասարանների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
«Շատ կարևորում ենք այս ծառայության կայացումը, որովհետև դպրոցն այն միջավայրն է, որը ոչ միայն պետք է գիտելիքներ տա, այլև արժեքային համակարգ պետք է ձևավորվի»,–ասաց Սվաջյանը։ Նրա խոսքով` առաջիկայում բոլոր դպրոցները կփորձեն համալրել հոգեբանի հաստիքները։
Անդրադառնալով այլ գլոբալ փոփոխություններին, Սվաջյանը խոսեց բոլոր դպրոցներում հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրման մասին, որը կտարածվի 2–րդ, 5–րդ և 7–րդ դասարանների վրա։
Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները կստանան հավելավճար. ԿԳՄՍՆ
Նշենք, որ նախորդ տարի չափորոշիչը փորձարկվել է Տավուշի մարզում, որից հետո համապատասխան կարգավորումներ են կատարվել։
Չափորոշչի ներդրմանն ընդառաջ դպրոցների ուսուցիչների հետ տեղի են ունեցել վերապատրաստումներ, հաստատվել է մեթոդ–դպրոցների ցանկը։
Բացի այդ դպրոցների 2–րդ, 5–րդ և 7–րդ դասարանների աշակերտների համար նոր դասագրքերի սեղծման և տպագրման մրցույթներ են հայտարարվել։
«Հունիսի 1–ին ամփոփել ենք դասագրքերի ստեղծման մրցույթը, որի ընթացքում դասագրքերն ուղարկվել են փորձաքննության։ Այն դասագրքերը, որոնք ստացել են փորձաքննության դրական պատասխան, երաշխավորվել են գործակցության և տպագրման փուլում են»,–նշեց նա։
Սվաջյանն ընգծեց, որ շուրջ 17 տարի երկրում դասագրքերի ստեղծման գործընթաց չի իրականացվել և փոքր–ինչ ձգձգումները կապված են այդ փորձի բացակայության հետ։
Մինչ դասագրքերը կհանձնվեն դպրոցներին, ուսուցիչների ձեռքի տակ կլինի էլեկտրոնային դասագրքերը, որոնց էջերն անհրաժեշտության դեպքում կտրվեն դպրոցականներին։