Դպրոցում վատ սովորող երեխաներն անվճար լրացուցիչ պարապմունքների հնարավորություն կունենան

Արխիվային լուսանկար
ՀՀ դպրոցներում հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրմամբ անբավարար գնահատականներ չեն լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Այս տարվանից Հայաստանի բոլոր դպրոցներում հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրումից հետո, 2–րդ, 5–րդ և 7–րդ դասարանների աշակերտները վատ առաջադիմության դեպքում պետական միջոցների հաշվին լրացուցիչ պարապմունքների հնարավորություն կունենան։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
Նրա խոսքով` անբավարար գնահատականներ չեն լինելու, և 1–10 բոլոր գնահատականները համարվելու են դրական, բայց որպեսզի երեխաները չունենան 3 կամ ավելի ցածր միավոր, հատուկ ծառայություն է ներդրվելու։
Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի. փոխնախարար
«Բոլոր այն երեխաները, որոնք այս կամ այն առարկայից մի քանի անգամ կունենան 3 և ավելի ցածր միավոր, պետությունն այս երեխաների համար կկազմակերպի պետական միջոցների հաշվին երկարօրյա ծառայություն, որպեսզի տվյալ առարկայից այդ երեխան լրացուցիչ պարապունքներ ունենա այնքան ժամանակ, քանի դեռ նրա միավորները չեն բարձրացել»,–ասաց Սվաջյանը։
Նրա խոսքով` ամենայն հավանականությամբ ծառայությունը կսկսի գործել հոկտեմբերից, երբ պարզ կլինի երեխաների ընթացիկ գնահատականները։