ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. «Վանաձոր» բժշկական կենտրոնում «Ազնավուր» հիմնադրամի և ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանատան համագործակցությամբ ստեղծվել է Պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիա։ Տեղեկությունը հայտնում է «Վանաձոր» ԲԿ–ի մամուլի ծառայությունը։
Լաբորատորիայի կարմիր ժապավենի կտրելու արարողությանը մասնակցել են աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, ինչպես նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման։
Բացման արարողությանը ներկա են եղել նաև «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, ԲԿ–ի տնօրեն Վահագն Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և այլք։
«Ազնավուր» հիմնադրամի, ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանատան շնորհիվ Վանաձորում լաբորատորիա է բացվել
© Photo : "Վանաձորի Բժշկական Կենտրոն" ՓԲԸ
«Վանաձորի բժշկական կենտրոնում պաթոհիստոլոգիայի լաբորատորիա հիմնելու նախաձեռնությունը «Ազնավուր» հիմնադրամինն է եղել, իսկ ֆինանսական աջակցությունը տրամադրել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը։ Նոր լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա փորձագետներին տեղում անցկացնել բարդ հետազոտություններ և իրականացնել ճշգրիտ ախտորոշումներ՝ առավելագույնի հասցնելով բժշկական հետագա ներազդեցության արդյունավետությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ լաբորատորիայի ստեղծման համար ընտրվել է ռազմավարական նշանակություն ունեցող տեղանք, ինչը թույլ կտա սպասարկել տարեկան շուրջ 5000 շահառուի:
«Ազնավուր» հիմնադրամի, ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանատան շնորհիվ Վանաձորում լաբորատորիա է բացվել
© Photo : "Վանաձորի Բժշկական Կենտրոն" ՓԲԸ
Նպատակն է ապահովել արդիական ախտորոշիչ ծառայության հասանելիությունը ինչպես Լոռու, այնպես էլ հարակից մարզերի բուժառուների համար՝ այդպիսով նաև զգալի նպաստելով առողջապահական որակյալ ծառայությունների ապակենտրոնացմանը երկրում:
«Լաբորատորիայի առկայությունը թույլ կտա տեղում իրականացնել կենսական նշանակության բազմաթիվ բարդ հետազոտություններ, որոնք մինչև այժմ վերամշակման են ուղարկվել Երևան: Դա հանգեցրել է ժամանակի ու ռեսուրսների զգալի կորստի և բացասաբար է անդրադարձել հիվանդների բուժման վրա, հատկապես նրանց համար, ում հարկավոր է շտապ բուժօգնություն և վիրաբուժական միջամտություն»,– հայտնում են ԲԿ–ից:
«Ազնավուր» հիմնադրամի, ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանատան շնորհիվ Վանաձորում լաբորատորիա է բացվել
© Photo : "Վանաձորի Բժշկական Կենտրոն" ՓԲԸ
Ծրագրի շրջանակում Վանաձորի բժշկական կենտրոնին արդեն տրամադրվել է օպտիկական մանրադիտակ, հյուսվածքների պրոցեսոր, տաքացվող պարաֆինով կայան, ռոտացիոն միկրոտոմ, լաբորատոր ջրային բաղնիք, լաբորատոր հարթեցնող սեղան և փոքր գծային ներկասարք:
Ծրագրի մեկնարկը տրվել է 2022 թ. դեկտեմբերին՝ Մասանորի Ֆուկուշիմայի և Քրիստինա Ազնավուրի միջև համագործակցության հուշագրի կնքման արարողությամբ։