Արցախում, չնայած շրջափակմանը, սեպտեմբերի 1-ից կսկսվի ուսումնական գործընթացը

Արխիվային լուսանկար
Ներկայում հանրապետությունում նախապատրաստական աշխատանքներ են տարվել, որպեսզի սովորողների համար ուսումը հնարավորինս արդյունավետ կազմակերպվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուսումնական տարվա մեկնարկը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հաշվի առնելով Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները՝ գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղությունը և տրանսպորտի բացակայությունը, այնուամենայնիվ, որոշում է կայացվել սկսել ուսումնական գործընթացը՝ չոտնահարելով սովորողների կրթության իրավունքը։ Ստեղծված ծանր պայմաններում տարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս արդյունավետ կազմակերպելու ուսումնական գործընթացը»,– ասված է հաղորդագրությունում։
Դասերի մեկնարկից հետո մշտադիտարկում է իրականացվելու, և համակողմանի վերլուծության արդյունքում ընդունվելու են համապատասխան իրավիճակային լուծումներ` ընդհուպ դասապրոցեսի դադարեցում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։