ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետությունն այլևս որևէ ակնկալիք չունի աշխարհից, միջազգային հանրությունից։ Այս մասին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ասուլիսը տեղի է ունենում Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, իսկ Հարությունյանն Արցախից տեսակապով է միացել։
Նրա խոսքով` Ադրբեջանը հումանիտար օգնությունը Արցախի տարածք մատակարարելուն խոչընդոտելով ակնկալում է ծնկի բերել արցախցուն, սակայն դա չի հաջողվի։
«Մենք հարգել գիտենք, բայց ծնկի գալ չգիտենք։ Պայքարելու ենք այնքան, որքան հնարավորություն ունենանք, չնայած այլևս որևէ ակնկալիք չունենք աշխարհից, գերտերություններից, միջազգային կառույցներից, բայց մենք շարունակելու ենք։ Հազարամյակներով ժառանգված արժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է»,– նշեց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել օգոստոսի 30-ին` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու և պետությանը շտապ օգնություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։