ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիան Արցախի Հանրապետության համար ոչ միայն սննդամթերք, այլև մի շարք առաջին անհրաժեշտության իրեր է ուղարկել։ Այս մասին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ տեսակապով համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքի համար։ Բեռներում բացի սննդամթերքից կան նաև մանկական կաթնախառնուրդներ, գեներատորներ և արևային կայաններ։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շրջափակման մեջ են՝ ի հեճուկս միջազգային իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության»,– նշեց Իդալգոն
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել օգոստոսի 30-ին` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու և պետությանը շտապ օգնություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։