ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները կգիշերեն պաշտպանության նախարարությունում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։
Նշենք, որ ծնողներին այսօր հրավիրել էին ՊՆ` նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման համար։ Սակայն նախարարը նրանց չէր ընդունել։ Անհետ կորածների հարազատների հետ հանդիպել էր փոխնախարար Արման Սարգսյանը։ Նրանք մոտ 2 ժամ խոսել են, սակայն պաշտոնյայի պատասխանները չի գոհացրել հանդիպման մասնակիցներին։
«Մենք մնալու ենք ՊՆ–ում, գիշերելու ենք այստեղ»,– ասաց Մանավազյանը։
Նրա խոսքով` իրենց մինչ այս պահը նախարարը չի այցելել իրենց։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում և պահանջում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում։ Վերջին անգամ նրանք ի նշան բողոքի փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում։