Ադրբեջանը վտանգում է խաղաղ գործընթացը. Բունդեսթագի ներկայացուցիչը` ԼՂ–ում իրավիճակի մասին

Միշել Ռոթ
Նա ընդգծել է, որ մարդասիրական օգնության բոլոր մատակարարումները դեպի Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանը արգելափակում է դեռ հունիսի կեսերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում մոտ են հումանիտար աղետը և էթնիկ զտումները։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշել Ռոթը։
«Հունիսի կեսերից Ադրբեջանը արգելափակում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության բոլոր մատակարարումները։ Մոտենում է հումանիտար աղետը և էթնիկ զտումները։ Այսպիսով, Ադրբեջանը վտանգում է փխրուն խաղաղ գործընթացը և անվտանգությունը Հարավային Կովկասում»,– նշել է Ռոթը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։