ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՊՆ N բանակային կորպուսներից մեկի հրամանատարի տեղակալ, կոչումով գնդապետ բարձրաստիճան սպան, համագործակցելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ բարձրաստիճան սպայի հետ, դիտավորությամբ պայմաններ են ստեղծել, որ իրենց ենթակա անձնակազմը մարտի ժամանակ հրաժարվի զենքով գործելուց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ փոխլրացնելով միմյանց գործողությունները, սպաները 2020թ. հոկտեմբերի 19-ին զորամասի շտաբում ենթակա երկու ստորաբաժանումների հրամանատարներին հրաման են տվել խուճապ տարածել զորամասի զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ զորամասի զինծառայողները հրաժարվեն զենքով գործելուց։
«Սակայն բարձրաստիճան սպաների կամքից անկախ հանգամանքներում դա տեղի չի ունեցել, քանի որ ենթակա ստորաբաժանումների հրամանատարները, հասկանալով տրված հրամանի ապօրինի լինելը, այդ մասին ենթակա զինծառայողներից որևէ մեկին չեն հայտնել»,–նշված է հաղորդագրության մեջ:
Բարձրաստիճան սպաներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 35-380-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը հանցագործության նախապատրաստությունը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է, վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։