ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության վիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Քննարկվող հարցերը չափազանց կարևոր են զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման և ամրապնդման գործում»,–ասել է Պապիկյանը։
Տեղեկացվում է, որ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են զեկույցներ՝ անդրադառնալով ԶՈւ կարգապահության վիճակին, խնդիրներին և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքներին։
Պաշտպանության նախարարը խիստ ցուցումներ է տվել զորամիավորումների և զորամասերի հրամանատարներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներդնելու առավելագույն ջանքեր՝ անձնակազմի շրջանում լայնածավալ անհատական աշխատանքներ կատարելու, արատավոր բարքերը չեզոքացնելու, ի հայտ եկած խնդիրները լուծելու ուղղությամբ։
Սուրեն Պապիկյանը հանձնարարել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի շրջանում շահագրգիռ ստորաբաժանումների ներգրավմամբ կազմակերպել լրացուցիչ, անհետաձգելի միջոցառումներ և ուսումնասիրություններ՝ վեր հանելու հնարավոր բոլոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ ծառայության կրման ընթացքում և հանգեցնել անցանկալի հետևանքների, դեպք-պատահարների։
Նշենք, որ միայն օգոստոսին ՀՀ ԶՈւ–ում 6 զինծառայող է մահացել, որոնցից մեկն է միայն զոհվել թշնամու գնդակից։ Մնացած 5–ից մեկը հոսանքահարվել էր, մյուս 4–ը մահացել էին միջանձնային չպարզված հարաբերությունները պարզելու հետևանքով։