ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Toyota Motor ավտոկոնցեռնը դադարեցրել է աշխատանքը երկրի բոլոր գործարաններում՝ համակարգային զանգվածային խափանման պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Kyodo գործակալությանը։
Նշվում է, որ Toyota Motor-ն ընդհանուր առմամբ 14 հավաքման ձեռնարկություն ունի Ճապոնիայի տարածքում։
Խափանման պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն նշվում է, որ այն համակարգային բնույթ է կրում: Գործարանների աշխատանքի վերականգնման ժամկետների մասին ևս այս պահին որևէ տեղեկություն չկա։
Ընդ որում, ստեղծված իրավիճակի վերաբերյալ ճապոնական ավտոմոբիլային կոնցեռնը պաշտոնական հայտարարություն չի արել։