ՔՊ-ն ճանաչվել է տուժող. մի կին վնասել է կուսակցության պաստառը, անպարկեշտ գրառում արել

Երևանի փոխքաղաքապետները. Արխիվային լուսանկար
Կուսակցության պաստառը վնասած կինն ինքնախոստովանական ցուցմունք է տվել և ազատ արձակվել։ Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. 57-ամյա մի կին օգոստոսի 27-ին ներկանյութով դիտավորությամբ վնասել է Երևան քաղաքի Միկոյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից կանգառում փակցված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառը և դրա վրա կատարել անպարկեշտ գրառում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախաքննության ընթացքում 57-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նա ազատ է արձակվել։
Իրականացվում է քննություն՝ պարզելու Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու դեպքի հանգամանքները:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կուսակցությունը ճանաչվել է տուժող: Նախաքննությունը շարունակվում է: