Փարիզի քաղաքապետը Հայաստան է գալիս` Արցախի համար հումանիտար բեռներն ուղեկցելու

Հումանիտար օգնություն ենտրամադրել ոչ միայն Փարիզը, այլև Ֆրանսիայի տարբեր երկրամասեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն դիմել է Ֆրանսիայի տարածքային մարմիններին՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից աշխարհից կտրված Արցախ մարդասիրական ավտոշարասյուն հասցնելը կազմակերպելու կոչով: X–ի (նախկինում` Twitter) էջում այս մասին հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը` նշելով` իրենք են նման խնդրանքով դիմել քաղաքապետին։
Նշվում է, որ Ան Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան կժամանի ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։
Ըստ հաշվարկների` ավտոշարասյունը կհասնի Լաչինի միջանցք օգոստոսի 30-ին` ժամը 12-ին:
Հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղի համար հավաքել են ոչ միայն Փարիզ քաղաքը, այլև Ֆրանսիայի մի շարք շրջաններ, մասնավորաբար` Իլ դը Ֆրանսը, Օվերն-Ռոն-Ալպը, Օքսիտանիա Պրովենս Ալպ կոտ դը Ազուրը, Օ դը Ֆրանսը, Պեյս դե լա Լուարը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։