ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Հայաստանը պատրաստվում է նշել Մոսկվայի 876– ամյակը։ Մայրաքաղաք Երևանում և մի շարք մարզերում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը նախատեսել է մի շարք միջոցառումներ, որի մեկնարկը կտրվի օգոստոսի 31-ին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Առաջին միջոցառումը լինելու է օգոստոսի 31–ին։ «Գազպրոմի» դպրոցում բացվելու է Մոսկվայի անկյունը, որտեղ կլինեն գրքեր Մոսկվայի պատմության մասին։
Միջոցառումների շրջանակում նախատեսվում է ցուցահանդես «Ամենագեղեցիկ քաղաքը» խորագրով։
Արդեն 4–րդ անգամ անցկացվելու է շախմատի և շաշկիի մրցաշարերը, մասնակցելու են 12-18 տարեկան երեխաներ։ Լինելու է նաև միջոցառում Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում։ Իսկ Երևանի սպորտի դպրոցի և գեղասահքի և հոկեյի դպրոցի դահլիճում նախատեսվում է սառցե շոու ներկայացնել։
«Հիմա երեխաները ակտիվ պատրաստվում են։ Սեպտեմբերի 10–ին բոլոր երևանցիներին և հյուրերին հրավիրվում ենք այդ սառցե շոուն դիտելու։ Կլինի նաև սուսերամարտի միջոցառում»,–ասաց Կարապետյանը։
«Մոսկվայի տունը» նաև համերգային միջոցառում է կազմակերպել Արմավիրի կուլտուրայի տանը, որտեղ սեպտեմբերի 16–ին ՀՀ 5 մարզերից եկած երեխաները ներկայացնելու են իրենց երգ ու պարը։ Իսկ միջոցառումների մյուս վայրը Կապանում է, որտեղ բացվելու է ռուսական կենտրոն։
«Էլ ինչ միջոցառում, որը չունի իր մեծ տոնական համերգը։ Սեպտեմբերի 17–ին սպասվում է մեծ համերգ Մոսկվայի օրվա և Արամ Խաչատրյանի 120–ամյակի կապակցությամբ։ Այդ համերգին ելույթ է ունենալու նաև ջազմեն Լևոն Մալխասյանը։ Մենք համատեղել ենք այս տոները»,–ընդգծեց Կարապետյանը։
«Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրենը հավելեց, որ Երևանը և Մոսկվան գործընկեր քաղաքներ են 1995 թվականից։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն էլ նշեց, որ շախմատի մրցաշարին մասնակցում են ՀՀ լավագույն շախմատիստները։
«Սեպտեմբերի 1-ի ընտրական փուլում խաղալու են 100–ից ավելի շախմատիստներ, գրոսմայստերներ, որոնցից 6–ն է անցնելու եզրափակիչ փուլ, որտեղ 8 ուժեղագույն գրոսմայստերների հետ սեպտեմբերի 2–ին կունենան հանդիպում»,–ներկայացրեց Լպուտյանը։
Նշենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքի տոնը «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ արդեն հինգերորդ տարին է, որ լայնամասշտաբ նշվում է նաև Երևանում։