ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Պաշտոնական Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի շարունակական սրումը հարվածի տակ է դնում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը: Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Խախտված են 120 000 բնակչության տարրական իրավունքները, առկա է սննդի ու դեղորայքի սուր պակաս, խաթարված է ԼՂ-ին գազի և էլեկետրաէներգիայի մատակարարումը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն Ադրբեջանի կողմից իրականացնելու, Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումը կանխելու հրամայականը:
Շեշտվել է առկա գործիքակազմը միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների կողմից արդյունավետ գործածելու կարևորությունը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։