Մակրոնը և Ալիևը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Ակնա–Ստեփանակերտ և Լաչին–Ստեփանակերտ ճանապարհների բացման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցելԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ֆրանսիայի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է նաև, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Ակնա–Ստեփանակերտ և Լաչին–Ստեփանակերտ ճանապարհների բացման հարցը։
Ալիևը հայտարարել է, որ օգոստոսի 29–ին ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է մեկնել ավտոշարասյուն՝ պարենային բեռներ առաքելու համար:
Էմանուել Մակրոնն իր խոսքում նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ իրավիճակի կայունացման և առկա լարվածության թուլացման գործում և առաջարկել է շարունակել Ֆրանսիայի և Ադրբեջանի համապատասխան կառույցների շփումները:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։