ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել ի պաշտպանություն առևանգված արցախցիների

Ակցիայի ժամանակ
ՌԴ դեսպանատան մոտից ակցիայի մասնակիցները շարժվելու են ՀՀ կառավարության շենքի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Մի խումբ քաղաքացիներ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված ակցիա իրականացրին Երևանում ՌԴ-ի դեսպանատան առջև։
Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի և առևանգված արցախցիների։
«Ադրբեջանը ոչ մի խաղաղ համակեցություն չի կարող ունենալ էթնիկ հայի հետ։ Սա վկայում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ եկող 3 երիտասարդի, ինչպես նաև ԿԽՄԿ–ի ուղեկցությամբ բուժառուի առևանգումները, մեկ այլ քաղաքացու ձերբակալումը և այլն։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու կեղծ ու սխալ դրույթները դուրս գան դաշտից»,– նշեց նախաձեռնության անդամները։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում «Հայաստան, ոտքի՛, Արցախն է կանչում», «Վերադարձրե՛ք մեր հայրենակիցներին», «Արցախում ապրող հայերը նույնպես ՀՀ քաղաքացիներ են», «Մենք արդարություն ենք պահանջում» և այլ գրառումներով պաստառներ։
Նրանք նաև վանկարկեցին «Վերջ տեռորիզմին», «Արցախ», ապա շարժվեցին դեպի կառավարության շենք։