ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. «Օստրովսկի-ՖԵՍՏ» միջազգային թատերական V փառատոնում Հայաստանը ներկայացնող Լիլիա Մուկուչյանի «Վարեչկա» մոնոներկայացումը՝ Ելենա Վարդանյանի բեմադրությամբ, «Լավագույն կին դերակատար» անվանակարգում ստացել է մրցանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նախարարության աջակցությամբ դերասաններ Արմեն Քուշկյանն ու Լիլիա Մուկուչյանը մասնակցել են ՌԴ Կինեշմայում կայացած «Օստրովսկի-FEST» միջազգային V թատերական փառատոնին:
ԿԳՄՍՆ–ից նշում են, որ Արմեն Քուշկյանը ցուցադրել է «Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին» մոնոներկայացումը, իսկ Լիլիա Մուկուչյանը՝ «Վարեչկա» մոնոներկայացումը՝ ըստ Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի («Արմմոնո» փառատոնի նախագիծ):
«Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ դերասանների աշխատանքները»,– նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
«Օստրովսկի-FEST» միջազգային փառատոնին այս տարի մասնակցել է 16 ներկայացում՝ 8 երկրից: Հայաստանը փառատոնին մասնակցել է երրորդ անգամ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: