ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հրամանատարները երբեմն այնպես են հարաբերվում զինվորի հետ` չգիտակցելով, որ 18 տարեկանը կարող է պատրաստ չլինել իրացնելու այն, ինչի մեջ իրեն կարող են մեղադրել իր զինակիցները և արդյունքում գնալ ինքնասպանության։ Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 27–ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում զինծառայողը կրակել է դիրքի ավագի վրա, ապա ինքնասպան եղել։ Նախնական տվյալներով` կատարվածը կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ։
Այս դեպքով նա չցանկացավ շատ մանրամասներ ասել, սակայն նշեց, որ այլ երկրներում անգամ զորամասեր են լուծարում ու հավաքում նոր սպայակազմ։
«Երբ ինձ զեկուցում են ու ուսումնասիրում եմ դեպքերը, հասկանում եմ` որքան անհեթեթ պատրվակներով կարող է մարդը ձեռքը տանել զենքին ու խլել մյուսի կյանքը։ Ընդ որում` նրանք հիմնականում 18 տարեկան են։ Եթե անընդհատ ասենք, որ նրանք հոգեբանական խնդիր ունեն, սխալ է. դրա լուծումն ու դրա տերը էլի պետք է լինի մեր ԶՈւ սպայակազմը` իր պատրաստվածությամբ ու հոգածությամբ։ Սպանությունների կանխարգելման համար մենք շատ անելիք ունենք մինչ զորակոչը` մեր ընտանիքներից սկսած»,– կարծում է Քոչարյանը։
Ըստ նրա` քնելը, հեռախոս ունենալն այսօր կարող են զինվորի կյանք արժենալ։ Այդ պատճառով ՀՀ ԱԺ–ն, նրա խոսքով, այնպիսի օրենսդրական լուծումներ պետք է գտնի, որ սմարթֆոնները չդառնան մարդկային կյանք խլելու պատճառ։
Քոչարյանը չի թաքցնում, որ այսօր մենք սպայակազմի խնդիր ունենք, հատկապես ներքին, միջին օղակներում։
«Ես շատ կուզեի, որ մեր բանակի համալրվածությունը լիներ հարյուր տոկոսով։ Բանակը պետք է վերականգնի իր ուժերը, նրա գրավչությունը պետք է բարձրացվի, դա է պատճառը, որ այսօր սպայական անձնակազմը չի համալրվում։ Կգա այն օրը, երբ փողոցում քայլելիս ոչ թե զինվորականները կնայեն աղջիկների հետևից, այլ հակառակը` աղջիկները կնայեն զինվորական համազգեստով տղայի հետևից։ Այ, կգա այդ օրը»,– հայտարարեց նա։
Իշխանության ներկայացուցիչը կոչ է անում գիտակցել, որ ամեն պահի մեզնից յուրաքանչյուրի զավակը կարող է լինել բանակում, ու նա պետք է պաշտպանված լինի։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի` եթե յուրաքանչյուր զինվորի դիտարկենք` որպես մեզնից յուրաքանչյուրի զավակի, այդ ժամանակ բանակի նկատմամբ վերաբերմունքն այլ կլինի։
Նշենք, որ միայն օգոստոսին ՀՀ ԶՈւ–ում 6 զինծառայող է մահացել, որոնցից մեկն է միայն զոհվել թշնամու գնդակից։ Մեկը հոսանքահարվել էր, մյուս 4–ը մահացել էին միջանձնային չպարզված հարաբերությունները պարզելու հետևանքով։