ՀՀ–ում 6 ամսում քրեական վարույթներով վերականգնվել է 15,8 մլրդ դրամի գույքային վնասը

Քրեական վարույթներով վերականգնվել են պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի առաջին կիսամյակում քննչական կոմիտեում քրեական վարույթներով վերականգնվել է 15 մլրդ 825 մլն դրամ գույքային վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշված ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է հանցագործությամբ պատճառված 2 մլրդ 735 մլն 98 հազար ՀՀ դրամի չափով վնաս։
Մասնավորապես վերականգնվել է՝
• պետությանը պատճառված 2 մլրդ 022 մլն 936 հազար ՀՀ դրամ գույքային վնաս
• համայնքներին պատճառված 31 մլն 374 հազար ՀՀ դրամի վնաս
• իրավաբանական անձանց պատճառված 136 մլն 309 հազար ՀՀ դրամի վնաս
• ֆիզիկական անձանց պատճառված 544 մլն 479 հազար ՀՀ դրամի վնաս։
«Ընթացիկ տարվա ընթացքում նաև շուրջ 3 մլրդ 400 մլն ՀՀ դրամ փաստացի վերականգնվել է առանձին ավտոներկրող կազմակերպություններից` արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի գծով պարտավորությունների և հարկային վնասների ամբողջությամբ զրոյացման արդյունքում»,– ասված է հաղորդագրությունում։
2022 թվականի ընթացքում վերականգնված ընդհանուր գույքային վնասը կազմել է 1 մլրդ 705 մլն ՀՀ դրամ։ Այսինքն`2023-ի առաջին կիսամյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց վնասի վերականգնման ցուցանիշը 2022թ․–ի ամբողջ տարվա արդյունքը գերազանցում է շուրջ 60,5%-ով։
Միայն ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության կողմից այս տարվա առաջին կիսամյակում ավարտված և ընթացիկ վարույթներով վերականգնվել է 9 մլրդ 690 մլն ՀՀ դրամ գումարի չափով պետությանը պատճառված վնաս։