ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի կապի զորքերի ստորաբաժանման մասնագետները կատարել են դաշտային պայմաններում հրամանատարական կետերն ու ստորաբաժանումները անխափան կապով ապահովելու մի շարք առաջադրանքներ: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Շարասյան կազմում երթ կատարելով դեպի «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանի տարածք՝ անձնակազմն իրականացրել է հատուկ տեխնիկայի, դաշտային կառավարման կետերի տեղակայում, ստուգել է կապի հատուկ սարքավորումների աշխատանքը և մարտական պահպանություն է հաստատել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զինծառայողներն անխափան կապ են ապահովել հրամանատարական կետերի և շտաբի միջև՝ կարճալիք և ուլտրակարճալիք ռադիոկայանների կիրառմամբ «խանգարիչ ալիքների բարձր առկայության իրադրության» պայմաններում:
Իրականացվել է նաև խանգարումներից պաշտպանություն բոլոր տեսակի կապի միջոցների համար, ինչպես նաև հուսալիության և անխափանության ստուգում: