ՀՀ ԱԽ քարտուղարը հնդիկ պաշտոնյային ներկայացրել է ԼՂ–ում առկա հումանիտար ճգնաժամը

Զրուցակիցներն ընդգծել են հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ քարտուղարի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր։ Դրա շրջանակներում Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և կարևորել դրա հաղթահարման համար միջազգային համայնքի ներգրավվածությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցներն ընդգծել են հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և քննարկել մի շարք ոլորտներում դրանք ընդլայնելու հեռանկարները:
ԱԽ քարտուղարը նաև շնորհավորել է «Չանդրայաան 3» առաքելության` լուսնի վրա կատարած բարեհաջող վայրէջքի առիթով: Վերոնշյալի շրջանակներում քննարկվել է տիեզերական արդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի է մեկնել օգոստոսի 28-ին` աշխատանքային այցի շրջանակներում։