Ֆրանսիան մոբիլիզացվում է հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության. Կոլոննա

Ֆրանսիայի ԱԳ նախարարն անօրինական ու անբարոյական է անվանել Ադրբեջանի վարած քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Ֆրանսիան մոբիլիզացվում է հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական խաղաղության հաստատման: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան` ելույթ ունենալով Ֆրանսիայում դեսպանների համաժողովում։

«Այսպիսով, մենք մոբիլիզացվելու ենք, որպեսզի պայմաններ ստեղծենք Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման համար, ինչը թույլ կտա սահմանազատել երկու երկրների միջև սահմանները և հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ապրել այնտեղ՝ հարգելով նրանց իրավունքները, մշակույթը և պատմությունը»,– ասել է Կոլոննան։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթի հրահրմանն ուղղված Ադրբեջանի`«խեղդամահ անելու ռազմավարությունն» անօրինական է` ինչպես արդեն սահմանել է Միջազգային դատարանը։ Նա հավելել է, որ այս քաղաքականությունը նաև անբարոյական է:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։