ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիան աշխատում է Ուկրաինայի հետ անվտանգության վերաբերյալ երկկողմ համաձայնագրի վրա։ Դրանում կներառվեն ռազմական և հումանիտար ասպեկտները։ Տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ ասուլիսում: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք աշխատում ենք դրա վրա Վիլնյուսից (հուլիսին ՆԱՏՕ – ի գագաթնաժողով,-խմբ.)։ Դրա շրջանակում G7-ի երկրները մտադրություն են հայտնել Ուկրաինայի հետ անվտանգության համաձայնագրեր կնքել։ Այդ ժամանակից մոտ 20 երկրներ, նույնիսկ մի փոքր ավելին, միացել են նրանց։ Նախարարի հետ քննարկել ենք դա։ Արդյոք մենք առաջինը նման համաձայնագիր կկնքենք` չգիտեմ։ Բայց դա կարևոր չէ, այստեղ մրցակցություն չկա։ Այն կունենա ռազմական, ինչպես նաև մարդասիրական և քաղաքացիական ասպեկտներ: Խոսքն այն օգնության շարունակման մասին է, որը մեր երկիրը մինչ այժմ տրամադրել է Ուկրաինային, և այն երկարաժամկետ հեռանկարով երկարաձգելու մասին է», - ասել է Կոլոննան։
Նա նաև նշել է, որ Ֆրանսիան աշխատում է Ուկրաինայում խաղաղության գագաթնաժողով կազմակերպելու ուղղությամբ, նախաձեռնություն, որով ավելի վաղ հանդես էր եկել նախագահ Էմանուել Մակրոնը:
G7-ի երկրները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հռչակագիր են հրապարակել ի պաշտպանություն Ուկրաինայի, սակայն դրանում անվտանգության ոլորտում նշված պարտավորություններն իրականացման կոնկրետ ժամկետներ չեն նախատեսում, ինչպես չկան դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ նախկինում հնչած խոստումները: Կիևում հույս ունեն, որ «անվտանգության երաշխիքները» կգործեն մինչև 2024 թվականին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Financial Times պարբերականը, Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները կարող են ձևակերպվել որպես երկկողմ համաձայնագրեր Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ՝ երկարաժամկետ ֆինանսավորման, ռազմական մատակարարումների, զինվորների ուսուցման և այլնի վերաբերյալ: